top of page
Search

Քննարկվեց գենդերային տնտեսագիտության կարևորությունը Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման գործում

  • mail43058
  • Jan 26, 2024
  • 1 min read

Updated: Jan 27, 2024


ree

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) ու Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության (ԿԳՄ) միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ եզրափակվեց «Գենդերային տնտեսագիտությունը և դրա կարևորությունը Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման համար» թեմայով` հունվարի 26-ին մայրաքաղաքի Անի Գրանդ հյուրանոցում տեղի ունեցած համաժողովը։ Մասնակիցների թվում էին պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կին գործարարներ:


Համաժողովի մասնակիցներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուիզա Այվազյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։


Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության 10-ամյա գործունեությունն ու առաջիկա ծրագրերը ներկայացրեց ԿԳՄ նախագահ Սուսաննա Խալաթյանը։ Նրա խոսքով՝ թե իրենց միության, թե կազմակերպված համաժողովի առաջնահերթ խնդիրներից է ձևավորել հարթակ, որտեղ հնարավոր կլինի բարձրացնել ու քննարկել կին գործարարներին հուզող հիմնահարցերը, մշակել ու իրականացնել աջակցության, կարողությունների հզորացման ծրագրեր, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն։


«Կանանց հզորացումն արհմիությունների միջոցով» թեմայով ելույթներ ունեցան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի մշտական գործող աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի նախագահ Լիանա Ամիրխանյանը և ՀԱՄԿ աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը։


«Գենդերային տնտեսագիտություն. համաշխարհային միտումներ եւ իրավիճակը Հայաստանում» զեկույցը ներկայացրեց ԿԳՄ ծրագրի փորձագետ Մարինա Պողոսյանը։

Հայաստանի տնտեսական համակարգում առկա գենդերային հավասարության մարտահրավերներին և հնարավորություններին անդրադարձավ CIVITTA International-ի գենդերային քաղաքականության փորձագետ Զավեն Մելիքջանյանը։


Ներկայացված թեմաների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։


Ավարտին համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի մշտական գործող աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի միջև։


Համաժողովն անցկացվեց «Ուժեղ ասոցիացիաներ, պալատներ ու միություններ՝ շահերի ուժեղ պաշտպաններ» ծրագրի շրջանակներում։




 
 
 

Comments


bottom of page