top of page
Search

Ներկայացվեց Ավագ Հարությունյանի «Անապատի գինու գույնը։ Գինու հոգևոր և նյութական ընկալումն արաբ-իսլամական մշակույթում» գիրքը

  • mail43058
  • Apr 17, 2024
  • 2 min read


ree

Մտավորականության յուրահատուկ հավաքի վերածվեց ՀԱԳՄ խորհրդի անդամ, Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի «Անապատի գինու գույնը։ Գինու հոգեւոր և նյութական ընկալումն արաբ-իսլամական մշակույթում» գրքի շնորհանդեսը, որը ապրիլի 15-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում։ Գիրքը հրատարակվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հովանավորությամբ։


«Այսօր միայն գինու մասին գրքի շնորհանդես չէ, այլ մշակութային երեկո է, որտեղ հրավիրվել են մարդիկ, որոնք գիտության ու մշակույթի հետ շփվելու, իրար հետ հաղորդակցվելու, կարծիքներով փոխանակվելու ցանկություն ունեն»,–ողջույնի իր խոսքում նշեց Արսեն Ղազարյանը։ Ներկայացնելով գրքի ստեղծման պատմությունը՝ գաղափարից մինչև հրատարակում, բանախոսը գոհունակությամբ նշեց, որ արդյունքում ստացվել է լուրջ գիտական աշխատություն, որի 50 %-ից ավելին գիտական սկզբնաղբյուրներն են։ «Նախ՝ գիտական գործ է, հետո նոր՝ մշակութային»,–այսպիսի բնորոշում տալով, ՀԱԳՄ հախագահը տեղեկացրեց, որ գիտական հանրության արձագանքից ելնելով՝ գիրքը հետագայում կթարգմանվի արաբերեն և անգլերեն։

«Աշխատանքի առաջին գլխում համաշխարհային մշակութի զարգացման համատեքստում ներկայացվում են գինու հոգևոր և նյութական ընկալման խնդիրներն ու մոտեցումներն արաբական աշխարհում՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչև իսլամի ընդունումը»,– կարդում ենք գրքի նախաբանում։–Գինու տեխնոլոգիական մշակույթի տարրերի փոխանցման համատեքստում վերլուծության է ենթարկվել վաղ միջնադարյան արաբական պոեզիան»։ Այնուհետև ներկայացվում են իսլամի վերաբերմունքը գինուն, բերվում իսլամում ոգելից խմիչքի արգելքի պատմաքաղաքական, բարոյահոգեբանական, աստվածաբանական, տեխնոլոգիական, կենցաղային և տնտեսական հիմքերը։ Անդրադարձ է կատարվում միստիկ իսլամի և գինու բարդ ու նուրբ փոխհարաբերություններին։


«Առաջին հայացքից տարօրինակ ու զարմանալի է թվում՝ արաբական աշխարհը և գինին, սակայն հեղինակը հմուտ կերպով է կառուցել աշխատությունը՝ առաջին գլուխը նվիրելով նախաիսլամական շրջանին,–նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ զուգահեռաբար խոսելով նաև հայկական, այլ ժողավուրդների գինեգործական ավանդույթների մասին, հեղինակը հանգամանալի բացահայտել է արաբ-իսլամական մշակույթում գինու ֆենոմենը, մի գործ, որը ինչ–ինչ հանգամնքներով չէին կարող անել արաբները, իսլամական աշխարհը։


«Ուրախ և հպարտ եմ, որ Հայաստանում գրվել է այսպիսի աշխատություն»,–իր ելույթում նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա գնահատմամբ՝ հեղինակը կարողացել է ցույց տալ, որ մեր ժողովուրդը, հայկական քաղաքակրթությունն իր ուրույն տեղն ունի այս աշխարհում, որը բնութագրվում է որպես միջավայրերի, տարբեր մշակութային ավանդույթների իրար հետ սինթեզելով։ «Այս գիրքը, ըստ էության, դրա արտահայտությունն է, որովհետև գրված է հայի կողմից, բարեխիղճ, և հեղինակը կարողացել է ըմբռնել այն ողջ մշակութային մեծ արեալը, որը սահմանամերձ է Հայաստանին և իսլամական աշխարհին»։


Արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը գիրքը որակեց որպես չափազանց հետաքրքիր, կարևոր ու արժեքավոր աշխատություն։ Նրա գնահատմամբ՝ լուրջ աշխատանք է կատարվել, որպեսզի ի ցույց դրվի, թե ինչ լուրջ ու խորքային ավանդույթներ կան արաբ-իսլամական տիրույթում։


«Իմ գործունեությունը նվիրված է գինու ամբողջական միջավայրի նկարագրությանը»,–շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին և ներկաներին՝ նշեց Ավագ Հարությունյանը։ Նրա ներկայացմամբ՝ առաջին մի քանի մենագրությունները նվրիված են եղել բնակլիմայական, տեխնոլոգիական, պատմաքաղաքական միջավայրերի բացահայտմանը, և սա գինու նյութական և հոգևոր ընկալման շարքի առաջին աշխատությունն է։ «Փորձ է արվել գինու տեխնոլոգիայի տեսանկյունից հասկանալ նախաիսլամական և իսլամական շրջանների ենթաշերտերը, արգելքների և ներման մեխանիզմները»,–նշեց գրքի հեղինակը։



 
 
 

Comments


bottom of page