Ներկայացվեց աշխատավայրում կանանց ունեցած խոչընդոտների հաղթահարման դանիական փորձը
- mail43058
- Oct 11, 2024
- 1 min read
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի միջև հաստատված համագործակցության համեմատաբար կարճ ժամահատվածում (ընթացիկ տարվա ապրիլից) արդեն իսկ նախաձեռնվել են մի շարք միջոցառումներ։ Կառույցների պատվիրակությունների փոխադարձ ճանաչողական այցերին հաջորդեցին Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հնարավորություններին նվիրված Զագրեբում կազմակերպված միջազգային հավաքը, ինչպես նաև հայ մասնագետների մասնակցությամբ Կոպենհագենում անցկացված «Կանայք աշխատավայրում» վերապատրաստման դասընթացը:
Վերջինիս մասնակիցները ՀԱԳՄ–ի ու Երևանի և հարակից մարզերի կինգործատուների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին սեմինարի էին հրավիրել միությունների անդամ կազմակերպությունների և ՓՄՁ–ների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներին՝ ներկայացնելու ոլորտի եվրոպական փորձը։
Մասնակիցներին Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի հետ իրականացվող համատեղ ծրագրերին ծանոթացրեց Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության նախագահ Սուսաննա Խալաթյանը։
BDO Armenia-ի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Լուսինե Մարգարյանն անդրադառնալով կոպենհագենյան դասընթացին և այդ շրջանակներում ունեցած այցերին ու հանդիպումներին, ներկայացրեց աշխատավայրում խոչընդոտների հաղթահարման դանիական փորձը, գենդերային հավասարության նորագույն մոտեցումներն ու ռազմավարությունները, օրենսդրական կարգավորումները։
Դասընթացի մեկ այլ մասնակից՝ «Հալեպ» ապրանքանիշի հիմնադիր Ալին Մասրլյանը ներկայացրեց «Հզոր կանայք բիզնեսում» խորագրով իր ուսումնասիրությունը, որտեղ անդրադարձ է կատարվել կանանց կողմից առավել նախընտրելի գործարար ոլորտներին, սեռի հիման վրա վարձատրության տարբերություններին, կարիերա–անձնական կյանք հարաբերակցությանը, հաջողության հասնելու գրավականներին, տրվել են օգտակար մասնագիտական խորհուրդներ։
Բանախոսները պատասխանեցին նաև մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
Սեմինարին ներկա էր ՀՀ վիճակագրական կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը։




















Comments