top of page
Search

Ապրիլի 30-ին ԿԳՄ անդամներով մասնակցեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն. Պապոյանի հետ հանդիպմանը։

  • mail43058
  • May 1, 2024
  • 2 min read

Updated: Jul 22, 2024


ree

Ապրիլի 30-ին ԿԳՄ անդամները և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներն ապրիլի 30-ին հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ։


Շնորհակալություն հայտնելով համանման հանդիպման կազմակերպման պատրաստակամության համար՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ տնտեսության ոլորտը համակարգող նախարարության հետ Միության երկխոսությունը միշտ կրել է պարբերական բնույթ՝ որոնց ընթացքում քննարկվել են ինչպես տնտեսությանը վերաբերող ռազմավարական հարցեր, այնպես էլ ընթացիկ հրատապ խնդիրներ։ «Մեր Միությունը պետության հետ կառուցողական երկխոսության թե՛ ավանդույթներ ունի, թե՛ ցանկություն»,–նշեց ՀԱԳՄ նախագահը։


Իր խոսքում Գևորգ Պապոյանն ընդգծեց արդյունաբերողների և գործարարների հետ հանդիպման կարևորությունը, որի նպատակն է առաջին աղբյուրից լսել տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրները, փորձել դրանց միասնաբար լուծումներ գտնել։ Նախարարը վստահեցրեց, որ ինքը և նախարարության աշխատակազմը միշտ պատրաստակամ են լինելու գործարարության հետ երկխոսությանը, համատեղ քննարկումներին, տնտեսության առաջընթացին նպաստող միասնական քայլերին։


Արսեն Ղազարյանի ներկայացմամբ՝ ՀԱԳՄ–ն պետական կառույցների հետ գործակցության շրջանակներում որդեգրել է ոչ միայն խնդիրների վերհանման, ժամանակին ահազանգման, այլև ծագած հարցերին լուծումներ գտնելու և առաջարկելու մարտավարություն։ Այս առումով նա ընդգծեց պետական կառավարման համակարգում փոխհամագործակցության դժվարությունների առկայությունը, որոնց արդյունքում շատ ու շատ նախաձեռնություններ, առաջարկներ, դիմումներ երկար ժամանակ սպասում են իրենց պատասխաններին կամ ստանում են ոչ լիարժեք արձագանք։ «Պետական մենեջմենթը կատարելագործման կարիք ունի։ Երբ առաջարկները տեղ չեն հասնում՝ թուլանում է նաև մարդկանց նախաձեռնողականությունը»,–ասաց ՀԱԳՄ նախագահը։


Գնահատանքի արժանացնելով գործադիր իշխանության կողմից գործարարության զարգացմանն ուղղված գործիքակազմերը՝ Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, որ դրանք իրենց շարունակությունը կունենան և կհամալրվեն նոր ծրագրերով։ Նրա խոսքով՝ նոր իրողությունները գործարարության առջև դնում են նոր մարտահրավերներ՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, արտադրանքի որակի, մրցունակության բարձրացման, ապրանքների ստանդարտացման, սերտիֆիկացման, ապահովագրության, լոգիստիկ խնդիրներ։ Այս առումով նպատակահարմար համարվեց Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ մշակվող տնտեսությանն աջակցության փաթեթներում ներառել նաև հիշյալ ոլորտներին աջակցող նպատակամիտված ծրագրեր։ Հիշյալ երկրների շուկաներ մուտք գործելու և հաստատվելու համար հրատապ է դառնում նաև հայաստանցի արտահանողների համար որոշակի արտոնյալ ռեժիմների սահմանումը։


Գործարարները բարձրացրին տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող բազմապիսի հարցեր, այդ թվում՝ գյուղմթերքների վերամշակմանը, գինեգործության և ալկոհոլային խմիչքների արտադրությանը, բեռնափոխադրումներին, մեգանախագծերի բացակայությանը, դրամի արժևորմանը, կապիտալի շուկային, գիտության կոմերցիալիզացիային, հայրենական տնտեսությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և այլ հիմնախնդիրներին առնչվող:


ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանգամանալի պատասխանեց բարձրացված հարցերին, հավաստիացնելով, որ ոչ մի խնդիր գործնականում չի մնա առանց ուշադրության։ Նա մասնավորապես նշեց, որ գործարարությանն աջակցության նախկին ծրագրերը շարունակվելու են, միաժամանակ մշակվելու են տնտեսության խթանմանն ուղղված նոր ծրագրեր, այդ թվում՝ ուղղված մշակող արդյունաբերությանն ու արտահանմանը։ Նրա խոսքով՝ աշխատանքների համակարգման և արդյունավետության բարձրացման համար նախատեսվում է ստեղծել ներդրումային խորհուրդ, իսկ առաջիկայում ԱԺ–ում քննարկվելիք Կորպորատիվ կառավարման կանոնագրքի մասին նախագիծը միտված կլինի կառավարման համակարգի բարելավմանը։ Կստեղծվի նաև նորարարության առևտրայնացմամբ զբաղվող հիմնարկ, որը կնպաստի գիտության և տնտեսության մերձեցմանը։ «Բոլոր դեպքերում՝ ակնկալում ենք նոր առաջարկներ և գաղափարներ ստանալ ու քննարկել նաև գործարար համայնքից»,– նշեց Գևորգ Պապոյանը։



 
 
 

Comments


bottom of page